ԵԿՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Վերջին շրջանում հաճախադեպ են դարձել հայ-ադրբեջանական շփման գծում սադրանքներ կազմակերպելու, Արցախի, Հայաստանի տարածք դիվերսիոն խմբեր անցկացնելու` Ադրբեջանի փորձերը: Լկտիության գագաթնակետը հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված դեպքն է, որ տեղի ունեցավ ՌԴ նախագահի միջնորդությամբ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների անցկացված հանդիպումից հաշված ժամեր անց եւ որին զոհ գնացին հայ սահմանապահներ: Փաստորեն ադրբեջանական կողմը բացահայտ արհամարհանք է դրսեւորում թե՛ ՀՀ եւ Արցախի, թե՛ ՌԴ նախագահի եւ առհասարակ միջազգային հանրության, թե՛ իր իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ:
Կատարվածն ուղղակի սպառնալիք է առանց այն էլ փխրուն խաղաղությանը: Ադրբեջանցիները մի հերթական անգամ ապացուցեցին, որ խաղաղությունն իրենց համար գրոշի արժեք չունի, ինչպես նաեւ գրոշի արժեք չունեն անմեղ մարդկային զոհերը:
  Արձանագրված փաստն առաջացրել է ողջ հայ ժողովրդի զայրույթը: Մենք ցավակցում ենք թշնամու դիվերսիային զոհ գնացած տղաների հարազատներին: ԵԿՄ-ն հայտարարում է, որ նմանօրինակ դեպքերը չպետք է անպատիժ մնան: ԵԿՄ-ն նվիրված է արյամբ ազատագրված տարածքների պաշտպանության գործին, միշտ կանգնած է լինելու հայ ժողովրդին, հայկական պետականությանը հուզող խնդիրների հայանպաստ կարգավորման դիրքերում:
  ԵԿՄ-ն բարձր է գնահատում խաղաղությունն իբրեւ արժեք, հիշեցնում, որ հանուն խաղաղության հայկական կողմն արդեն իսկ մեծագույն զիջումների է գնացել, իսկ ժամանակին մեզ պատերազմ պարտադրած թշնամուն խաղաղություն ենք պարտադրել:
  Կոչ ենք անում միջազգային հանրությանը` խստորեն դատապարտել ադրբեջանական հերթական սադրանքը. մի՛ ստիպեք, որ մենք հարկադրված լինենք ինքներս պատժել ոճրագործին:
  Դա չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, բայց այլընտրանք չունենալու պարագայում ՀՀ եւ Արցախի անկախությունն ու ազատությունը նվաճած երկրապահն ունակ է պահպանել ու պաշտպանել հայկական պետությունները, հայկական պետությունների քաղաքացիներին:
  Արցախի ժողովուրդն իր զավակների կյանքի եւ արյան գնով ու միջազգային հանրության կողմից ընդունված ինքնորոշման իրավունքի սկզբունքով Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում վաստակել է իր անկախությունը, Սահմանադրությամբ ամրագրել է իր սահմանները, որոնք այլեւս քննարկման առարկա չեն կարող լինել:
  Ադրբեջանական կողմին հորդորում ենք` հիշեք, թե ինչպես մեկ անգամ ոտնձգություն կատարեցիք հայկական տարածքների նկատմամբ ու ինչպես խստորեն պատժվեցիք: Հիշեք, թե ինչպես նենգաբար սկսեցիք Սումգայիթում, Բաքվում անմեղ հայ բնակչության սպանդով, ինչպես մեզ պատերազմ պարտադրեցիք եւ թե ինչպես անփառունակ այն ավարտեցիք: Հիշեք, թե ինչպես էիք հրադադար մուրում հայկական կողմից: Եվ եթե չլիներ հայկական քրիստոնեավարական մտածելակերպը, եթե մենք չգնահատեինք խաղաղությունն իբրեւ մեծագույն արժեք, ապա բազմապատիկ անգամ ավելի տարածքներ էինք ազատագրած լինելու: Եթե ընդունակ չեք հանուն համամարդկային արժեքների, հանուն խաղաղասեր ու ստեղծագործ ապագայի գործել, ապա գոնե հանուն ձեր իսկ պետության ու ժողովրդի կանգ առեք: Հակառակ պարագայում ձեզ դաժան օրեր են սպասվում: Հայը դեռ տարածքներ ունի ազատագրելու, դեռ ձեր վերահսկողության տակ է մեր հայրենիքի մի մեծ հատվածը, որին վերատիրանալու ձգտողների բանակը Հայաստանում ստվար է:
  Դա ձեզ ասում է Արցախի ազատագրման մասնակիցներին համախմբող կազմակերպությունը` այն տղաների, որոնց խոսքի հաստատուն լինելը ձեր մաշկի վրա եք զգացել: Ուրեմն` տա՛ Աստված (որ մեկն է բոլոր ժողովուրդների համար) բոլորիս իմաստություն եւ ողջախոհություն, զերծ մնանք հետագայում ուժային մեթոդների դիմելու գայթակղությունից: Այլապես, եթե դարձյալ անմտության հետեւանքներն զգալուց հետո միայն ուշքի գաք, ապա չափազանց ուշ է լինելու:

ՀՀ Երկրապահ կամավորականների միություն

Комментариев нет:

Отправить комментарий