ՀՀ նախագահի ներկայությամբ Արմավիրի մարզում բացվեց նետաձգության Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների գավաթի առաջնությունը
Նետաձգություն մարզաձեւը Հայաստանում ավանդաբար առանձնակի մեծ տարածվածություն չի ունեցել, սակայն այն միջազգային օլիմպիական խաղերի կարեւորագույն եւ պարտադիր մարզաձեւերից մեկն է։ 25 տարվա ընդմիջումից հետո նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նետաձգության Եվրոպայի «Գրան պրի» մրցաշարը։
Առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով, ինչը ստիպեց նետաձգության եվրոպական ֆեդերացիային որոշում կայացնել՝ հօգուտ մեկ այլ մրցաշար՝ Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների գավաթի առաջնությունը եւս Հայաստանում անցկացնելու։
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ—ի ձիասպորտի կենտրոնի մարզադաշտում տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջնությանն այս տարի մասնակցում են 12 երկրից 125 մարզիկներ, որոնցից 14—ը ներկայացնում են Հայաստանի հավաքականը։
Նետաձգության եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկարզելան բացման խոսքում նշեց, որ Հայաստանն իր տարածքում նման մրցույթներ հյուրընկալելու եւ անցկացնելու մեծ հնարավորություններ ունի։ Դա նաեւ լավ փորձ կարող է լինել հայ մարզիկների համար, քանի որ օգոստոսին անցկացվելու է նետաձգության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ մարզիկներ Հայաստանից։
«Ցավոք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ բոլոր երկրներն են հաղթահարել, ֆինանսական խնդիրների պատճառով առաջնությանը չեն կարողացել մասնակցել հինգ երկրներ։ Այդուհանդերձ՝ ես հաճելիորեն զարմացած եմ, որ Հայաստանում նախորդ տարվանից այս մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է։ Այսօր շատ կարեւոր օր է մեր մարզաձեւի համար, քանզի առաջնության բացմանը ներկա է նաեւ ՀՀ նախագահը, ով պատվել է մեզ իր դրական հետաքրքրվածությամբ։ Համոզված եմ, որ նրա ներկայությունը դրական խթան կհանդիսանա Հայաստանում նետաձգության զարգացման համար»,—ասաց Մ. Սկարզելան։
Մրցաշարի բացման արարողության ընթացքում շքերթով անցան մասնակից երկրների՝ Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի, Էստոնիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Սլովենիայի, Ուկրաինայի եւ Հայաստանի հավաքականները։ Այնուհետեւ Հայաստանի հավաքականը ցուցադրական մրցում անցկացրեց։
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ նման մրցաշարերի անցկացումը Հայաստանում ոչ միայն թույլ կտա հայ մարզիկներին ծանոթանալու իրենց օտարերկրյա ընկերների հետ եւ փորձի փոխանակում իրականացնել, այլեւ ընդհանուր առմամբ մեծապես կնպաստի մարզաձեւի ժողովրդականացմանը, տարածմանը, ինչը հնարավորություն կտա միջազգային օլիմպիական խաղերին ներկայանալ առավել լայն կազմով։
Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը նշեց, որ հավաքականների՝ առաջին փուլում վաստակած միավորները հետագայում կգումարվեն նաեւ երկրորդ եւ երրորդ փուլերում վաստակած միավորներին, ինչից հետո հայտնի կդառնա Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների գավաթակիրը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքականը բավականին լավ է պատրաստված, եւ կան բավականին մեծ հույսեր։ «Այս մարզաձեւում ֆավորիտներ չեն լինում։ Ամեն ինչ կախված է այդ պահին պատրաստվածության աստիճանից եւ մարզիկի կենտրոնացումից։ Դա է պատճառը, որ նետաձգության միջազգային մրցաշարերում մի երկիր գրեթե երբեք երկու անգամ գավաթակիր չի դառնում»,–ասաց ֆեդերացիայի նախագահը։
Комментариев нет:
Отправить комментарий