Էջմիածինը 2696 տարեկան է:

Էջմիածնում տոն է
Հոկտեմբերի 8-ին հանդիսավորապես նշվեց Հայոց հոգեւոր կենտրոնի՝ Սբ  Էջմիածնի,   օրը, քաղաքը տոնում է իր հիմնադրման 2696-ամյակը:  Երրորդ տարին նշվող Էջմիածնի օրը խոր պատմական արմատներ ունի՝ 405թ. այդ օրը՝   հոկտեմբերի 8-ին,  Մեսրոպ Մաշտոցը  իր գյուտը՝  Հայոց այբուբենի 36 տառերը,    Էջմիածնում ներկայացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթեւին եւ Վռամշապուհ արքային: Հենց այս պատմական իրադարձությունն էլ ընկած էր թատերականացված բեմականացման հիմքում,  որը ներկայացվեց  քաղաքի  կենտրոնական հրապարակի տարածքում՝ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ: Տեղի ունեցավ նաեւ շքերթ, որին մասնակցեցին «Երկրապահ» կամավորական միության եւ կամավորական ջոկատների անդամներ, ծնունդով էջմիածինցի Հայաստանի,
Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի   հաղթող, մրցանակակիր եւ մասնակից մարզիկները,  երգի, պարի համույթներ, Գրիգոր Լուսավորիչ համալսարանի, Ներսիսյան վարժարանի, դպրոցների սաներ:
 Տոնի կապակցությամբ էջմիածինցիներին շնորհավորեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Իսկ քույր քաղաք Պետրոզավոդսկի /Ռուսաստանի Դաշնություն/  քաղաքապետ Նիկոլայ Լեւինն ընդգծեց՝  «գնահատում ենք ձեր ավանդույթները, մշակույթը, պատմությունը»:  Օրվան  տոնական փայլ էին հաղորդում նաեւ քաղաքի դրոշները, որի գույները խորհրդանշում են արքայական եւ կաթողիկոսական հարդերձանքի գույները՝ ծիրանագույն եւ մանուշակագույն /Էջմիածին –Վաղարշապատը եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը/ :
Քաղաքի տոնը կրկնակի տոնական էր Էջմիածնի պետական քոլեջի հանրակացարանի բնակիչների համար:  Շենքի բնակիչները, ովքեր արդեն կբնակվեն այնտեղ  սեփականատերերի իրավունքով, քաղաքապետ Կարեն Գրիգորյանից ստացան իրենց բնակարանների բանալիները:
Երկրի ղեկավարը ներկա գտնվեց նաեւ Էջմիածնի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստին:
Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ ՀՀ նախագահին շնորհվեց Էջիմիածնի պատվավոր քաղաքացու կոչում՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման, Հայաստանի անկախ պետականության ամրապնդման, բանակաշինության, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ  ունեցած նշանակալի ավանդի համար:

















Комментариев нет:

Отправить комментарий