ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԵԹԵ ՇԱՏ ԱՂՄԿԵՆ, ԿՀԻՇԵՆՔ, ՈՐ ԲԱՔՎՈՒՄ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԵՆՔ
- Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞վ է պայմանավորված համագումարի հրավիրումը, կա՞ հրատապ պահանջ: Ի՞նչ հարցեր եք քննարկելու:
-
Սա ԵԿՄ հերթական համագումարն է, որ մենք պարտավոր ենք անցկացնել 2 տարին
մեկ անգամ: Նախորդ համագումարը 2010-ի փետրվարին էր: Հերթական համագումարը
գնահատական է տալու անցած 2 տարվա աշխատանքներին, լսվելու են
հաշվետվություններ, տրվելու են գնահատականներ, նախանշելու ենք գալիք 2
տարվա անելիքները, վարչության նոր կազմ ենք ընտրելու: Համագումարին
հաջորդող վարչության նիստում կընտրվեն նաեւ վարչության նախագահ,
փոխնախագահներ, իսկ դրանից հետո կայանալիք նիստերում կձեւավորվեն
հանձնաժողովները եւ այլն: Մի խոսքով` աշխատանքային, կազմակերպչական
համագումար է լինելու:
- Գալիք ընտրությունների թեմային անդրադարձ լինելո՞ւ է:
-
Համապետական ընտրություններն անչափ կարեւոր են: Երկրապահը կանգնած է եղել
պետականության կայացման ակունքներում եւ չի կարող անտարբեր լինել որեւէ
պետական նախաձեռնության նկատմամբ: Կոչ ենք անելու երկրապահ
ազատամարտիկներինՙ ակտիվորեն մասնակցել առաջիկա բոլոր համապետական
ընտրություններին:
- Անցնող հաշվետու ժամանակահատվածի արդյունքների մասին ի՞նչ կասեք:
-
Մենք պանծալի 20-ամյակներ տոնեցինք: Անցյալ տարի նշեցինք Հայաստանի
Հանրապետության եւ ԼՂՀ հիմնադրման 20-ամյակները, օրերս էլ հայոց բանակի
հիմնադրման 20-ամյակը նշեցինք: Առիթը բաց չեմ թողնի մեկ անգամ էլ
շնորհավորելու համայն հայությանը, մեր քաջ տղաներին, մեր հերոս
նահատակներին, առաջին հերթին` մեր բանակի ու Երկրապահի հիմնադիր սպարապետ
Վազգեն Սարգսյանին, մեր հերոս մայրերին, որ միշտ էլ կարողանում են
հայրենիքի նվիրյալ զավակներ ծնել: Հայտնի բան է` բանակի հիմքը երկրապահական
ջոկատներն են եղել: Մեր քաջերի ջանքերի շնորհիվ է ստեղծվել կանոնավոր
պետական բանակը: Անցյալ տարվա ամենամեծ արդյունքը երկրապահի համար համարում
եմ այն, որ բոլոր տարածքային կառույցներում ձեւավորվեցին «Երիտասարդ
երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» ստորաբաժանումները: Մենք տարին հռչակել
էինք երիտասարդ եւ պատանի երկրապահի տարի ու կարողացանք մեր առջեւ դրված
խնդիրը կատարել: Երիտասարդ սերունդը պետք է հայեցի դաստիարակվի, պետք է
ստանա ռազմահայրենասիրական դաստիարակություն: Մենք այդ ամենը տալիս ենք մեր
երիտասարդներին ու պատանիներին: Նրանք մեզ մոտ սովորում են զենքին
տիրապետելու հմտություն, մարտարվեստ, ֆիզիկական պատրաստվածություն են
անցնում, յուրացնում են «Առողջ մարմնում առողջ հոգի» սկզբունքը: Հայոց
պատմության դասեր են անցնում, հայրենիքն են ճանաչում` մասնակցելով դեպի
սահմանամերձ տարածքներ ԵԿՄ ուխտագնացությանը:
- Իսկ ո՞րն է ուխտագնացությունների նպատակը:
-
Նպատակը սահմանի բնակչի ոգին ամուր պահելն է: Մենք գիտակցում ենք, որ
Արցախի պաշտպանությունը, Տավուշի, Սյունիքի պաշտպանությունը սկսվում է
Երեւանից, նույն կերպ` Երեւանի պաշտպանությունն սկսվում է ազատագրված
տարածքներից, սահմանամերձ բնակավայրերից: Ուխտագնացությունների ժամանակ
նաեւ հանդիպում ենք մարտական ընկերներին, հիշում պատերազմական օրերը:
Այցելում ենք մեր զոհված մարտական ընկերների շիրիմներին: Դուք մենակ
տեսնեք, թե ինչ ոգեւորությամբ է սահմանի բնակիչն ընդունում երկրապահ
ուխտագնացներին: Ուխտագնացության աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնել
ենք: Այս տարի մենք եղանք Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախի բոլոր
վարչական շրջաններում:
- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը: Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ինչպե՞ս են ազդում գործընթացի վրա:
-
Էդ գործընթաց, բան, դիվանագետներին կհարցնեք: Ես ռազմական գործիչ եմ ու
գիտեմ, որ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ էլ երբեք չի լինելու: Գիտեմ
նաեւ, որ մեր ազատագրած տարածքներից ոչ մի թիզ էլ չենք կորցնելու: Ոչ ոք չի
կարող հանձնել այն տարածքները, որ ազատագրվել են մեր եղբայրների արյան
գնով: Դրանք մեր հայրենիքի անբաժան մասն են: Ազատագրված տարածքի ամեն թփի,
ամեն քարի տակ մեզ համար թանկ մարդկանց արյունն է թափվել: Ի դեպ, թող շատ
չհոխորտան թուրքերը: Նրանք գիտեն, որ մենք շատ խաղաղասեր ենք: 1994-ին, երբ
ազերին փախչում էր, մենք շատ չհետապնդեցինք: Կարող էինք, բայց խաղաղության
գինը գիտենք, գիտենք, որ ամեն մի զոհն էլ թանկ է մեզ համար, եւ լրացուցիչ
զոհեր չէինք ուզում ունենալ: Մեզ համար զոհված ամեն մի տղայի հիշատակն
ավելի թանկ է, քան Ադրբեջանի իշխանության համար իր 30 000 զոհինը: Դրա
համար էլ ռազմակոչ են հնչեցնում: Բայց եթե շատ աղմկեն, ես ու իմ մարտական
ընկերները վայ թե իսկականից հիշենք, որ Բաքվում կիսատ գործեր ունենք:
Ստիպում են փոշմանենք, որ 1994-ին բավարարվել ենք միայն մեր պատմական
հայրենիքի այն փոքր մասի ազատագրմամբ, որ անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի
անվտանգությունը երաշխավորելու համար: Իսկ այդ իրական երաշխիքը մենք թղթե
խոստումներով փոխարինելու միտք չունենք: Մի խոսքով` եթե դիվանագետները
խնդիրը լուծման չհասցնեն, անհրաժեշտության դեպքում երկրապահ տղաները էլի
պատրաստ են զենք վերցնել հայրենիքի պաշտպանության համար:
- Իսկ բանակի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
-
Երկրապահը միշտ բանակի ռեզերվ է եղել: Միշտ ունեցել ենք ամուր կապ բանակի
հետ: Այսօր էլ մեր «Պատանի երկրապահ», «Երիտասարդ երկրապահ» կառույցներով
անցած տղաները, բանակ զորակոչվելով, ամենաօրինակելի զինվորներն են դառնում:
Հետո` գեներալը նախկին չի լինում: Մենք պահեստազորում ենք, եւ Աստված
չանի` մեր կարիքն զգացվի, էլի կհայտնվենք առաջին գծում:
- Շնորհակալություն զրույցի համար:
-
Ձեզ էլ շնորհակալություն: Եկեք հաջողություն մաղթենք մեր համագումարին:
Մենք ուզում ենք, որ սա լինի համախմբող համագումար, միասնականության
համագումար: Միասնությունն անչափ կարեւոր է մեր երկրի, մեր ժողովրդի համար:
Մենք միշտ միասնական ենք արտաքին մարտահրավերների դեմ, թող ներսում էլ
համերաշխ լինելու իմաստուն բանաձեւը գտնենք:
Комментариев нет:
Отправить комментарий